Home | Դեպի Արարարտ | Ֆունդամենտալ Հայակենտրոնություն

Ֆունդամենտալ Հայակենտրոնություն

Հիվանդությունը, թերությունները, բացասականը, միջակությունը, արժեզրկվածը տարածվելու հատկություն ունեն։ Սա կոչվում է մետաստազ, կամ վարակ։ Վարակը կարող է ամենակուլ լինել, երբեմն էլ ֆիզիկապես է ոչնչացնում կրողին կամ կրողներին։ Պետությունն էլ նրա համար է, որ խթանի իր քաղաքացիների առողջությունը, նրանց և նրանցից կազմված հասարակության լավագույն հատկանիշները, արվեստը, ուսումը, առանձնահատուկը, օրինակելին, սպորտը, տեսակի կատարելության, պաշտպանության մեխանիզմներ մշակի, և սեփական սերունդներով մտահոգ՝ ապահովի թվական աճն ու կասեցնի արտագաղթը։ Սա դեռ քիչ է։ Եկել է ներգաղթ կազմակերպելու, դրա համար օրենսդրական հիմքեր ստեղծելու, սփյուռք միավորելու, Համահայկական կառույցների ու հայ մարդու պատվի ու վարվելակերպի կոդեքս մշակելու, այս ամենի համար ֆինանսական միջոցներ հայթայթելու ժամանակը։ Սա էլ է քիչ։ Եկել է վերածնվելու, ինքներս մեր միջից հառնելու, լավագույն հատկանիշների ծաղկունքի, համաշխարհային թատերաբեմ վերադառնալու, սեփական հարցերը Երկրից դուրս լուծելու ժամանակը։ Սա էլ է քիչ։ Եկել է մեր միջի լավագույններին իշխանության բերելու, օրենքի առջև հավասարության, անխտիր բոլոր տղամարդկանց՝ հայրենիքին ծառայելու, կանանց զորամիավորումներ ստեղծելու, ռազմական բնակավայրերի, սփյուռքահայերից կազմված վաշտերի, նրանց զորահավաքների կազմակերպման ժամանակը։ Սա էլ է քիչ։ Եկել է մայրենին ուսումնասիրելու, գիրք կարդալու, մաքուր հայերենով խոսելու, գողականությունն իսպառ վերացնելու ժամանակը։ Սա էլ է քիչ, եկել է Հայ մարդու երջանիկ լինելու ժամանակը։

Քաղաքական համակարգի կենտրոնում պիտի մարդը լինի, հայ մարդը, որը կարող է քաղաքացի լինել կամ ոչ։ Իսկ Հայ մարդը նման չէ ուրիշներին։ Նա բարդ երևույթ է, և իր այդ բարդ լինելու, լեզվամտածողության ու քաղաքական կողմնորոշումների բազմազանության, բնազդային-մետաֆիզիկական հայրենասիրության ու Չգիտակցված Ֆունդամենտալ Հայակենտրոնության պատճառով է, որ գոյատևում է ի հեճուկս Հյուսիսի ու Հարավի, Արևելքի ու Արևմուտքի։

Ո՞րն է մեր խնդիրը։
Ազգային գաղափարախոսության մշակումն ու պետական , հասարակական, կրոնական, համայնքային բոլոր կառույցները այդ քաղաքական գծին ենթարկելը, որի հիմքում պիտի լինի աշխարհում սեփական աշխարհը կերտելը, տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումների առաջամարտիկ դառնալը, վերադարձի կազմակերպումը, յուրաքանչյուր ընտանիքում մինիմում չորս երեխայի ծնունդը, նրանց դաստիարակության ու սոցիալական խնդիրների ապահովումը, ազգային հենքով՝ ընտանիքի ինստիտուտի ամրապնդումը։ Այդ գաղափարախոսությունը գաղտնիք չէ։ Մնում է պետական մոտեցում ցույց տալ և անցնել վերջինիս գիտական մշակումին։ Սա է գլոբալիզացիայի առաջն առնելու, տեսակի պաշտպանության ու հաղթանակի ճանապարհը։ Եթե ոչ, կուլ կգնանք շուկային, համատիրությանը, այլասերությանը, թշնամի ազգերին՝ ի վերջո։

Ես տեսնում եմ, որ անձնական, անհատական ասպարեզում Հայ մարդը ոչ մեկին չի զիջում, իսկ հասարակական կազմակերպվածության, սոցիալական կառույցների ու պետական շինարարության ասպարեզում զիջում ենք, կաղում։
Կան երկրներ, որտեղ և մարդն է ուժեղ, և պետությունը։ Դրանք այն երկրներն են, որոնք պետական վերնաշենքը ծառայեցրել են ազգային, մարդաբանական, մշակութային, սոցիալական իրենց տեսակին։
Եկել է քաղաքներ կառուցելու, կամուրջներ գցելու, բանկային կապիտալի խրախուսման, տուրիզմի, ժամանակակից տեխնոլոգիաների, սոցիալական ապահովության երկիր, քաղաքակրթական կենտրոն դառնալու մեր ժամանակը:

Դավիթ  Վանյան

Check Also

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ …