Home | Հայաստան | Նալբանդյան. ԵՄ հետ հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է

Նալբանդյան. ԵՄ հետ հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է

Բրյուսելում այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Համաձայնագրի ստորագրման արարողությանը ելույթներով հանդես են եկել նախարար Նալբանդյանը և Մոգերինին։

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ այս գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը։

Այս համընդգրկուն և հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է, որը նոր գլուխ է բացում Հայաստանի ու Եվրոպական Միության հարաբերություններում։

Այն կուռ իրավական հիմք է հանդիսանում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, առևտրի ու ներդրումների համար նոր հնարավորությունների ստեղծման, և շարժունակության մեծացման համար՝ ի շահ մեր քաղաքացիների։

Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացքող բարեփոխումների համար», – ասել է արտգործնախարար Նալբանդյանը։

Նա կարևորել է, որ համաձայնագիրը վերահստատում է Եվրոպական Միության հայտարարված հանձնառությունը աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման և տարածքային ամբողջականության։

«Հայաստանը պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել և ամրապնդել ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում` հիմնվելով այս համաձայնագրի վրա։
Հավատացած ենք, որ նախորդ տարիներին մեր ունեցած ձեռքբերումները կուռ հիմք են հանդիսանում՝ շարունակելու ու առավել ընդլայնելու մեր գործընկերությունը և, անշուշտ, այս նոր համաձայնագիրը մեր հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի», – եզրափակել է Է. Նալբանդյանը։

Check Also

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստան այցից հետո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն …