Home | Հայաստան | Հովհաննես Քաջազնունին` Բաքվի Հայոց եկեղեցու ճարտարապետ

Հովհաննես Քաջազնունին` Բաքվի Հայոց եկեղեցու ճարտարապետ

Հայերը Բաքու տեղափոխվել են 19-րդ դարի երկրորդ կեսից` Ղարաբաղից, Շամախիից, Շուշիից, Նուխիից, Գանձակից և նույնիսկ բուն Հայաստանից ու Վրաստանից: Սոցիալական դիրքի տեսակետից նրանց կազմը բավականին բազմազան էր: Բնականաբար հիմնական զանգվածը բանվորներ էին: Նրանք աշխատանքի էին ընդունվում նավթահորերում, գործարաններում և շինարարությունում: Բաքուն բազմազգ քաղաք էր, բայց հայերը իրենց թվով և գործունեության բնույթով ու մաշտաբներով հատուկ տեղ էին զբաղեցնում նրանում: 1891թ. վիճակագրական տվյալներով քաղաքի 105,8հազ.բնակիչների թվում, թաթարներից հետո (39.5հազ.-34.5%),երկրորդ տեղը զբաղեցնում էր հայ բնակչությունը (22,7հազ.-21,4%):  Հայերի թվում կար մտավորականության զգալի շերտ: Դրանք տարբեր մասնագիտության ճարտարագետներ էին, բժիշկներ, իրավաբաններ, մանկավարժներ և, իհարկե, այլաբնույթ աստիճանի պաշտոնյաներ: Հայ բնակչության բազմաթիվ ներկայացուցիչներ զբաղվում էին տեղական և միջազգային առևտրով, ունեին վաճառատներ, առևտրային ֆիրմաներ: Սակայն առանձնակի գործարարական նվաճումներ ունեին միջակ և խոշոր նավթատերերն ու ձեռնարկատերերը: Դրանք արդյունաբերական և ֆինանսական միլիոնատեր մագնատներ էին` Ա.Մանթաշյանը, Ե.Քալանթարյանը, Մ.Արամյանը, եղբ.Միրզաբեկյանները, Բուդաղյանները, Մայիլյանները և ուրիշներ: Հայազգի նավթարդյունաբերողները հիմնել էին մի քանի փայատիրական ընկերություններ`«Արարատ», «Մասիս», «Գողթն» և այլն: Բաքվի նավթի արտահանումը Ռուսաստան, Եվրոպա և նույնիսկ Հեռավոր Արևելք ու Հնդկաստան, հիմնականում Ա.Մանթաշյանի և Գ.Լիանոզյանի մենաշնորհն էր: Բացի նավթի վերամշակման գործարաններից, հայ ձեռնարկատերերին էին պատկանում նաև մեքենաշինական, պղնձաձուլական, մեխանիկական, աղյուսագործական և այլ գործարաններ( Խատիսյան, Գյաջուցյան, Հովհաննիսյան, Մանվելյան և ուրիշներ): Բաքվի այս ձեռնարկատերերն են, որ մյուս մեծահարուստների` Նոբելի, Ռոտշիլդի, Դեբուրի ու Թաղիևի մասնակցությամբ կառուցել, բարենորոգել ու ընդարձակել են Բաքու քաղաքը: Որքան արագ էր զարգանում Բաքուն, նույքան արագ նա դառնում էր հայերի խոշոր մշակութային կենտրոն: Տեխնիկական մտավորականության և բարձր պետական պաշտոնյաների հետ այստեղ խարիսխ են գցում նաև գրողներ, դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ: Հիմնում են դպրոցներ, թատրոն,տպարաններ: Տպագրվում են օրաթերթեր, շաբաթաթերթեր, գրքեր: Լուսավորական, մշակութային մեծ աշխատանք են ծավալում եկեղեցին և մասնավոր բարեգործական ընկերությունները: 1864 թվականին հիմնված «Հայկական բարեգործական ընկերությունը», «Հայոց եկեղեցիների ծխական հոգաբարձությունը» և «Հայկական մշակութային միությունը» տարբեր օջախներ ստեղծելու նպատակով դրամական հանգանակություններ էին կազմակերպում: Կառուցվում էին վարժարաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, ծերանոցներ, խնամածության տներ: Նշված ընկերությունների գործունեությունը չէր սահմանափակվում միայն Բաքվով, նրանք ձեռք էին մեկնում նաև մյուս քաղաքներին, գյուղերին և նույնիսկ բարեգործական միջոցառումներ անցկացնում Հայաստանում ու Վրաստանում: Բաքվում կառուցվել է մի քանի Հայկական եկեղեցիներ:  Դրանցից ամենավաղը բերդի սահմաններում կառուցված և հետագայում քանդված սբ.Աստվածածինն է (1799թ.): Հայտնի էր նաև 1863-69թթ.կառուցված սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի զանգակատունը կառուցվել է ավելի ուշ` 1898թվականին: Կար նաև մատուռ Հայկական գերեզմանատանը`սբ. Հարություն (1894թ.): Բաքվի կենտրոնում այն ժամանակ հիմնականում ապրում էին հայեր, կային նաև ռուսներ ու հրեաներ: Թաթարներն ապրում էին քաղաքի ծայրամասերում և չէին առնչվում «եվրոպական» քաղաքի բնակչության հետ: Այդ իսկ պատճառով հայկական սրբատեղի ունենալու կարիքը քաղաքի կենտրոնում զգացվում էր: Գոյություն ունեցող հայկական եկեղեցին վերափոխումների կարիք ուներ: Եկեղեցին կառուցելու համար մեծահարուստ Բուդաղյանը միջոցներ էր կտակել: 1898թ-ին Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարեց Բաքվի հայկական եկեղեցու նախագծի առաջին մրցույթը: Մի քանի տարի անց հայտարարվեց երկրորդ մրցույթը: 1906թ.սեպտեմբերի 25-ին կայացավ եկեղեցու հիմքի օծման հանդեսը: 1907թ. փետրվարի 28-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագիծ, մեկը Պետերբուրգից (լեհ ճարտարապետ ), երկրորդը` Գ.Տեր-Միքելյանի, երրորդը` Հովհաննես Քաջազնունու կողմից` «Փառք քեզ, Տեր» նոտային նշանաբանով. չորրորդ և հինգերորդ հեղինակների ազգանունները մեզ հայտնի չեն: Լինելով բազմակողմանի ընդունակությունների տեր անձնավորություն` Հովհաննես Քաջազնունին պատանի տարիներին դժվարացել է նույնիսկ կողմնորոշվել որոշակի մասնագիտության ընտրության խնդրում: Սովորելով Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում (1887) ուսանողական տարիներին Քաջազնունի շատ էր նկարում, մասնակցում ցուցահանդեսների, իր գիտելիքները խորացնելով արվեստի ու ճարտարապետության պատմության մեջ: 1891 թվականի Հայկական ճարտարապետության վերաբերող նրա նկարները ցուցադրվեցին ինստիտուտի ուսանողների լավագույն նկարների ցուցահանդեսում, որը նվիրված էր ինստիտուտի 25-ամյա հոբելյանին: 1892-93թթ. ուսումնական պլանով Հովհ.Քաջազնունու կուրսի ուսանողները պետք է ներկայացնեին ռուսական, բյուզանդական կամ հայկական ոճի եկեղեցիների նախագծեր: Հովհ.Քաջազնունին նախընտրեց հայկական և ներկայացրեց իր նախագիծը: Նա լավագույն ուսանողների շարքում էր, մեծ ապագա խոստացող ճարտարապետի համարում ուներ: Ինստիտուտը գերազանց կերպով սովորելու կապակցությամբ(1893) Քաջազնունու անունը փորագրվեց ավանդական մարմարե տախտակի վրա : Նա իր կենսագրության առաջին էջերը բացեց որպես ճարտարապետ, որպես ճարտարապետ էլ ավարտեց իր կյանքը, դառնալով խորհրդային դաժան հետապնդումներ զոհը, վարձահատույց լինելով իր փառապանծ անցյալի համար: Դեռևս ուսանողական տարիներին, երազելով նախագծել հայկական եկեղեցի, նա մեկնում է ուսումնասիրելու միջնադարյան Անին: Նշենք, որ դարասկզբին հայկական ճարտարապետությունը քիչ էր ուսունասիրված, գրականություն գրեթե չկար: իր նամակներից մեկում, ուղղված կնոջը` Սաթենիկին, գրում է.«Հայկական ճարտարապետությունը վատ է մշակված, գրականություն շատ աղքատ է, օգտվելու ձեռնարկները քիչ են ու անկանոն: Այնպես որ ամեն ճարտարապետ պետք է իրեն համար նյութեր հավաքի»: Տարիներ շարունակ Քաջազնունին մշակում է եկեղեցու նախագիծը, փայփայելով նոր, հայկական ոճով մոնումենտալ շինություն ստեղծելու գաղափարը: Գիտակցելով հայկական ճարտարապետության կարողությունները, պահպանելով բարձր գեղարվեստականությունն ու արտահայտման ազգային էությունը, Քաջազնունին իր առջև խնդիր էր դրել ստեղծել«նոր հայկական ոճ», ինչպես 19-րդ դարի կեսերին ստեղծեց նոր հայկական գրականության լեզուն: Տարիների իղձերն իրականացվեցին հայկական եկեղեցու նախագծումով, որը պետք է կառուցվեր Բաքվի կենտրոնում: 1907թ. հունիսի4-ին ստացվեց Պետերբուրգից ժյուրիի եզրակացությունը, որի համաձայն երկու նախագիծ.ճանաչվել էին անբավարար, երեքը Վ.Պետրովսկու (Պետերբուրգի ճարտարապետի), Գ.Տեր-Միքելյանի և Հովհ.Քաջազնունու բավարար: Մրցանակը բաժանված էր երկու նախագծերի միջև, իսկ Հովհ.Քաջազնունու նախագիծը մնացել է մրցանակից դուրս: Ինչ վերաբերվում է Գ.Տեր-Միքելյանի նախագծին, ապա այն զգալիորեն հեռու էր Տեր-Միքելյանի մտածողության լակոնիկությունից: Նա ուզեցել է մի նոր խոսք ասել հայկական եկեղեցաշինության արվեստում, բայց չի գտել այդ ձգտման տակտը:Պատվիրատուի և Տեր-Միքելյանի միջև ծագած անհամաձայնությունների պատճառով եկեղեցու շինարարությունը չսկսվեց: Բուդաղյանի ընտանիքի կտակակատարների խորհուրդը կտրականապես դեմ էր ժյուրիի որոշմանը, նախընտրելով Քաջազնունու տարբերակը: Այս առթիվ Քաջազնունին իր կնոջը` Սաթենիկին գրում է.«…Ստացվեցան Պետերբուրգից եկեղեցու պրոեկտները, ժյուրիի զեկուցման հետ միասին: Իսկույն և ետ Դոլուխանյանի միջոցով ծանոթացա այդ զեկուցման հետ: Ծանոթացա և զարմացա : Բոլոր պրոեկտների մեջ  զանազան պակասություններ են գտել: Երկուսը հայտարարել են ուղղակի անբավարար: Երեքը-այդ թվում և իմը-գտել են բավարար, միևնույն ժամանակ մատնացույց անելով զանազան պակասություններ: Քննադատությունից կարծես թե պիտի հետևեր, որ այդ երեք պրոեկտներից ամենից քիչ պակասավորն է և ուրեմն մրցանակը իմին պիտի տային: Բայց-ինչպես քեզ արդեն հայտնի է-մրցանակը կեսն են արել երկու մյուս պրոեկտների մեջ և իմն մնացել է դուրս: Ըստ արժանավորության պրոեկտները դասավորել են այս կարգով. 1) Պետերբուրգից ստացվածը, 2) Տեր-Միքելյանինը, 3) իմը  4) և 5) մնացած երկուսը: Ես աշխատեցի բացատրել Դոլուխանյանին զեկուցման և եզրակացության մեջ եղած հակաճառությունը և պաշտպանել իմ ծրագիրը: Նա համոզվեց, մանավանդ որ տրամադրված էր համոզվելու, ինձ բարեկամ լինելով: Երեկոյան վարդապետի մոտ հոգաբարձուների նիստի հավաքվեցան ժյուրիի զեկուցումը կարդալու և իրանց որոշումը դնելու,-թե որ ծրագիրը պիտի ընդունեն շինության համար: Առաջինը-Պետերբուրգից եկածը-իսկույն և ետ մերժվում է: Ասպարեզ մնում է Տեր-Միքելյանինը, որը ստացել է մրցանակի երկրորդ կեսը, և իմը որ չի ստացել մրցանակ: Այստեղ երկար ու բուռն վեճ է ծագում: Ոմանք առաջարկում են համաձայն ժյուրիի գնահատության-ընդունել Տեր-Միքելյանի ծրագիրը, ոմանք կանգ են առնում իմի վրա: Դու հասկանում ես, իհարկե, որ այստեղ գերիշխող դերը պատկանում էր ոչ այնքան գեղարվեստական հայացակետերի տարբերության-ճարտարապետության մեջ հոգաբարձության ահագին մեծամասնությունը միանգամայն տգետ է-որքան անձնական համակրանքի և հակակրանքի: Երկար վիճում են, բայց համոզեցնել միմյանց չեն կարողանում: Վճռում են հարցը քվեարկության դնել: Գաղտնի քվեարկություն են կատարում, որի հետևանքը լինում է այն, որ ձայները բաժանվում են. հինգ ձայն ստանում է Տեր-Միքելյանը, հինգ ձայն ես: (հոգաբարձուները տասն են): Սրանից հետո ի՞նչ անել: Մի փոքր վիճաբանելուց, որոշում են հայտնել վերջնական վճիռը կտակատարներին, որ ծրագրին որ գերադասություն տան կտակատարները, իբրև գործի անմիջական տեր,այն ծրագրով էլ կառուցանել շինությունը: Այդ նպատակով երեք կտակատարներ պիտի հավաքվեն  վաղը չէ մյուս օրը, հինգշաբթի և իրանց վերջնական վճիռը դնեն: Ուրեմն ինձ ու քեզ համար այժմ ամենակարևոր հարցը այն է, թե ովքե՞ր են կտակատարները- և դեպի ո՞ր կողմը-հավանականորեն-կարող են թեքվել նրանք: Կտակատարներից մեկը, Դոլուխանյանն է, որի տրամադրությունը անորոշ է -կարող է և ինձ տալ իր քվեն, բայց ավելի հավանական է,որ տա հակառակորդիս:Երկրորդը Ստ.Այվազովն է, որ հավանականորեն ինձ կտա ձայնը: Ուրեմն, ինչպես տեսնում ես, շանսերը առաժմս իմ կողմն են, թեև ոչինչ վճռողական դեռևս չի կարելի ասել.այս երկու օրվա ընթացքում Այվազովը և Մելիքյանցը կարող են ենթարկվել զանազան ազդեցությունների և վերջին րոպեին փոխել իրենց տրամադրությունը:  Այնուամենայնիվ, լավ է առաժմս և այն, որ հարցը այդպես է դրվել. սա ավելի է, քան ես կարող էի հուսալ, վախենալով որ հոգաբարձությունը առանց այլևայլության կընտրե Տեր-Միքելյանի ծրագիրը, իբրև հավանության ստացածը ձեռնահաս մասնագետների կեղմից: Սպասենք ուրեմն, երեք օր էլ: Կարող ես երևակայել իմ նյարդային լարված դրությունը երեկվա օրը և այն երեք օրը, որ ունեմ դեռևս սպասելու: Աշխատում եմ պինդ լինել: Խորհուրդ եմ տալիս նույնը և քեզ: Մի կարևոր բան ևս.պնդելով  իմ ծրագրի վրա և աշխատելով, որ նա հաղթող դուրս գա, ես բոլորովին հանգիստ եմ խղճով, որովհետև ես հաստատ համոզված եմ, որ իմ ծրագիրը ամենից լավն է» : 1907թ. հունիսի 7-ին Բուդաղյանի կտակատարները միաձայն ընտրեցին Հովհ.Քաջազնունու նախագիծը:Եկեղեցու շինարարությունը հանձնարարեցին Հովհ.Քաջազնունուն: «…Երեկ երեկոյան կտակատարները վճռել են ընդունել շինության համար իմ կազմած ծրագիրը: Իսկ ինչպես գրել էի քեզ առաջին նամակովս, այդ վճիռը վերջնական է: Անբավականությունը թե մի քանի հոգաբարձուների և թե ժողովի մի մասի մեջ շատ մեծ է: Արդեն սկսվել է հարձակումներ թե կտակատարների և թե իմ ծրագրի վրա: Երեկ և այսօր տեղական լրագրում հոդվածներ դուրս եկան այդ ուղղությամբ: Հավանական է, որ այդ ՑՐՈՉսÿ-ն (թունավորումը-Մ.Հ.) պիտի շարունակվի և ապագայում: Բայց սա ինձ չի վախեցնում ամենևին:  Եկեղեցին կշինվի և կշինվի իմ ծրագրով,- ահա միակ կարևոր փաստը: Պետերբուրգի ժյուրին, հոգաբարձուները, կտակատարները, Տեր-Միքելյանը, Բաքվա հասարակությունը, լրագիրը, հոդվածները,- սրանք բոլորն էլ անցողական բաներ են, իսկ եկեղեցին դարերով կմնա կանգուն,-այն եկեղեցին,որ հղացել և ծնվել է իմ մտքի մեջ, մարմին է առել իմ աշխատանքով, անսասան ժայռի պես պիտի կանգնի և ծաղրի անզոր հարձակումների ոտնձգությունների երեսին: Ահա թե ինչ է իսկապես կարևորը: Անկասկած, կռիվը դեռ չի վերջացել, հարկավոր կլինի շատ խոչնդոտներ հաղթել,շատ արգելքներից անցնել,-բայց ամենավտանգավոր րոպեն անցել է արդեն, մնացածը հեշտ է»,- գրում է Քաջազնունին կնոջը`Սաթենիկին: Շուտով սկսվեց նախագծի աշխատանքային գծագրերի մշակումը, որը Քաջազնունին կատարում էր մենակ, առանց որևէ մեկին ներգրավելու աշխատանքին: Ըստ նախագծի մրցույթային տարբերակով  եկեղեցու շինարարության արժեքը որոշված էր 300.000 ռուբլի: Նախագիծը ընդունելուց հետո հայտնի դարձավ,որ շինարարության արժեքը սահմանափակված է 200-210 հազ.ռուբլի: Չդիպչելով նախագծի էությանը` Հովհ.Քաջազնունին փոքրացրեց եկեղեցու չափսերը, փոխելով նրա մաշտաբները (1000 մարդ` նախագծով նախատեսված 1500 մարդու փոխարեն): 1907թ.օգոստոսի 2-ին Հովհ.Քաջազնունին սկսեց Բաքու քաղաքի սբ.սբ.Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների հայկական մայր եկեղեցու շինարարությունը:  Շինարարական աշխատանքներին անմիջականորեն հետևելու նպատակով, Քաջազնունին մի ժամանակավոր փայտե տնակ է կառուցում շինհրապարակում, ամբողջ ժամանակն անցկացնելով շինարարության վրա : Քաղաքական կյանքի իրադարձությունները, սակայն, Քաջազնունուն ստիպեցին որոշ ժամանակ հեռանալ Բաքվից: 1908թ-ին կատարելով Հ.Յ.Դաշնակցություն կուսակցության հանձնարարությունը, նա մեկնեց Կոստանդնուպոլիս: 1909 թ-ին քաղաքական գործունեության համար Քաջազնունին ձերբակալվում է և միայն դրամական գրավական վճարելով (10.000ռ.) ազատվում բանտից: 1911թվականին նա ստիպված է լինում մեկնել արտասահման, խույս տալով «Դաշնակցության գործով» Պետերբուրգում դատվելուց: Իբրև քաղաքական վտարանդի ապրում է Ֆրանսիայում, Բելգիայում, որոշ ժամանակ և Վանում, որտեղ և քաղաքական գործունեության զուգընթաց կառուցեց հասարակական շենք: Քաջազնունու բացակայության ժամանակ շինարարությունը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ Բաևը: Եկեղեցու շինարարությունը ավարտելուց հետո Քաջազնունին  երկար տարիներ չի կառուցել, քաղաքական իրադարձությունները ստիպում էին ամբողջովին նվիրվել Հ.Յ.Դաշնակցություն կուսակցության գործունեությանը: Եկեղեցին աչքի էր ընկնում մոնումենտալությամբ: Սպիտակ քարի և ոսկու նուրբ շերտով հարդարման զուգակցումը, արևի ճառագայթների ներքո հատուկ մի վեհություն էին տալիս եկեղեցուն: Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, հիացնում էր ներքին ու արտաքին շքեղությամբ, վարպետորեն նկարված ճարտարապետական դրվագներով: Գունավոր վիտրաժե պատուհաններից ներս թափանցող լուսը հարուստ երանգներ էր ստանում: Ճարտարապետական ամբողջ կառույցը ներշնչված էր ոգեղենությամբ: Պատմական հայկական ոճը ստացել էր այստեղ գոթական վերասլացություն: Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը կարելի է դիտել որպես հայ ազգային ոճի նոր, յուրովի մեկնաբանում, և եթե կարելի է այդպես բնութագրել` «նոր հայկական գոթիկա » : Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը` կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը: Քաջազնունու կողմից նախատեսվող չորս կորագիծ կցակառուցումները հատակագծի ընդհանուր ուրվագիծը բերել են օվալաձևի, որն ազդել է նաև ծավալատարածական հորինվածքի վրա, հեռացնելով վերջինս կուռ միասնությունից: Դրա հետ մեկտեղ հետաքրքիր է լուծված  զանգակատան տեղը ու դիրքը ընդհանուր համայնապատկերում: Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից, և ազատ,  աստիճանաձև նեղացող ուղղաձիգ վեր սլացող աշտարակով հեղինակին հաջողվել է հարստացնել եկեղեցու ընդհանուր ծավալատարածական հորինվածքը: Հաջող ու համարձակ է լուծված նաև ներքին կոնստրուկտիվ կմախքը: Հեղինակը գմբեթի թմբուկը հենել է երկու խաչաձև հզոր կամարների վրա, որով ընդարձակել է ախոթասրահի տարածքը: Ինչ վերաբերվում է ներքին տարածությունների և արտաքին պատերի դեկորատիվ մշակմանը, ապա Քաջազնունին խուսափել է զարդաքանդակներից, փոխարենը, գեղարվեստական արտահայտչության հասնելու նպատակով, ողջ շենքին հաղորդել է նուրբ համաչափություններ և թեթևություն, արտաքին պատերում և առանձնապես արևմտյան ճակատում կիրառելով եռակամար լուսամուտների խմբեր: Վերջինիս համաչափությունները, նկարվածքն ու հորինվածքնը ռոմանական ճարտարապետության ազդեցության կնիքն ունեն:  Նույն կարելի է ասել նաև ճակտոնների և մյուս մասերի պսակող քիվերի մասին: Չնայած դրան, Քաջազնունու այս ստեղծագործությունը իր մեջ կրում է հետաքրքիր մտահաղացումներ: Եկեղեցին իր ընդհանուր գծերով և հորինվածքով գրավիչ է, մոնումենտալության հետ սլացիկ է ու թեթև: Դժբախտաբար Քաջազնունուն չհաջողվեց ավարտել Բաքվի հայկական եկեղեցու շինարարությունը: Եկեղեցին բարբարոսաբար քանդեցին 30-ական թվականների սկզբներին, տեղը կառուցելով կոնսերվատորիայի շենքը: Քանդում էին երեք տարի շարունակ` չէր քանդվում: Ստիպված եղան պայթեցնել: Ականատեսները պատմում էին,որ քանդվում էին քարերը, բայց ոչ կարերի տեղերում.այնքան ամուր էր այն կառուցված: Հովհ.Քաջազնունու կառուցած եկեղեցու նման ճարտարապետության մեկ օրինակ մենք, չունենք, դրանով իսկ այդ շենքը, նաև իր բարձր գեղարվեստական արժանիքներով, պետք է իր ուրույն տեղը գրավի  հայ ճարտարապետության պատմության մեջ, չնայած այն բանին, որ նա չի պահպանվել, ինչպես հայկական բազմաթիվ հուշարձաններ: Չկորցնենք լավատեսությունը, որ Հովհ.Քաջազնունու եկեղեցին մի օր կվերաշինվի Հայաստանում կամ սփյուռքի գաղթօջախներից մեկում: Ի հիշատակ Հայաստանի առաջին հանրապետության, առաջին վարչապետի, ի փառս հայ ժողովրդի, ի փառս Աստծո…

Հեղինակ` Հայկ Մարտիրոսյան

                                                     

Check Also

Նալբանդյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը բացասական նախադեպ է որակել

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը հայտարարել է` …