Home | Դեպի Արարարտ | Ինչու՞ է աղմկում գետը՝ Դեպի Արարատ

Ինչու՞ է աղմկում գետը՝ Դեպի Արարատ

Գյուղը վաղուց, շատ հնուց է  բազմել գետի այս ափին ու կար ժամանակ, որ հարևանություն էր անում գետի հետ: Բայց մարդը սիրում է խառնվել բնության գործերին ու մի օր էլ գետն ու գյուղն իրարից բաժանեց երկաթե վարագույրով:  Կարծես խաչելությունից առաջ գյուղի ու գետի գլխին փշե պսակ են դրել ու գետն աղմկում է, իրեն ափեափ է տալիս , բայց գյուղին այդպես էլ չի հասնում: Գետը կարոտ է  իր ջրերում լողացող մանկանց ճիչերին: Իսկ գյուղն ատամները սեղմած՝ լռում է ու դրանից էլ հողը ճաք է տալիս: Գետն ու գյուղն այդպես էլ ապրում են աղմկելով ու ծանր տնքալով:

Բայց նույն  գետը քանի – քանի մարդկային կյանքեր է փրկել, այս ափը գցել, որոնց  աչքն  այդպես էլ մնաց կարոտ՝ տունդարձի ճամփին …

Ամեն անգամ գյուղ գնալիս ծեր զարմուհիս այգուց ծաղիկներ է փնջում,  ու քթի տակին մի թախծոտ երգ դնդնալով ասում,-դե՜հ, գնացինք անցավորաց ողորմի տալու:

Ծեր զարմուհիս նախընտրում է  ոտքով անցնել տնից գերեզմանատուն տանող ճանապարհը ու մոռալնալով իր հետիոտն առաքելությունը՝  ոգևորությամբ ամեն տան դիմաց  ներկայացնում է այնտեղ ապրած ու ապրողի կենսագրությունն ու կյանքի պատմությունը: Սկսում է հեռվից, դեռ այն օրերից, թե սրանց մեծ տատն ու պապը ոնց են գետին ապավինած փրկվել:

Ու հասկանում ես, թե գետն ամեն օր ինչու է աղմկում:

Հասնում ենք հերթական տանն ու ծեր կինը առանձնահատուկ հպարտությամբ վրա է  բերում,– էս էլ մեր մարզպետի տունն է: Կարող մարդ է մեր մարզպետը: Ես նրան էլ եմ դեռ մանկուց ճանաչում: Հողագործ, ռանչպար ծնողների զավակ է: Բայց  նա կարողանալու կարողություն ունի ու դրանով էլ տարբերվում է մյուսներից: Նրանց բոլորին լավ եմ հիշում: Նա իր արմատին կպած հսկայական ճյուղ դարձավ: Էդ կարողությունից է, որ ծառիդ կպած ամուր, բերքատու  ճյուղ ես դառնում, ոչ թե ցռուկի պես այգով մեկ տարածվում, որ գարնանն էլ  այգեպանը  դրանք արմատախիլ անի ու մի կողմ նետի: Հա, կան լավ ցռուկներ էլ, որ խելացի այգեպանը դրանց խնամքով հավաքում ու  նոր այգի է հիմնում, հետո դրանք պատվաստում է մի այլ արմատի ճյուղով: Բայց էդ ծառն էլ իր արմատի հետ կապ համարյա չունի: Հասկանում ես չէ՞, այլակերպվում է:  Դրա տված պտուղն այլ համ ու հոտ ունի: Մեկ էլ լավ  հիշիր՝ անկարող մարդը միշտ չկամ է լինում: Նրա խոսքին հչավատաս ու ստի ետևից գնաս:

Կարողանալու կարողությունը մարդու հաջողության ակիզբն է: Կարող մարդը կարողություն կստեղծի:

Ծեր զարմուհուս խոսքերն ականջիս օղ եմ անում  ու մտմտում մի հանդիպում կազմակերպել մարզպետի հետ, հասկանալ նրա կարողանալու, իր ծառի արմատին կպած մնալու կարողությունը:

Ամանորի նախաշեմ է,  ու նորից աշխարհն իրար է անցել: Քարտեզներ են նորից վերաձևվում, պետություններ քայքայվում ու ստեղծվում: Իսկ մեր գետն արդեն հարյուր ու մի քանի տարի աղմկում է՝ Դեպի Արարատ:  Ու մեկ էլ հպարտանում ենք , որ հզոր սփյուռք ունենք: Բայց չենք էլ ուզում հիշել, որ լավ ցռուկի պես օտարի այգին ենք շենացնում ու առատ բերք տալիս: Ու նորից միտս  են գալիս   պառավ զարմուհուս խոսքերը  կարողանալու կարողության , արմատից ծիլեր տալու մասին: Վերցնում եմ հեռախոսն ու զանգում Աշոտ Ղահրամանյանին ու ասում, որ նրա գյուղի պատմությունն եմ գրելու, նրա գերդաստանի մասին, ու մեկ էլ, թե ոնց էին մեր մեծերը դիմավորում նոր տարին: Հանդիպումը կայանում է հենց հաջորդ օրը՝ նոր տարվա նախաշեմին: Մարդուն հարցախեխտ չեմ անում: Եվ նա սկսում է իր կարողանալու կարողության պատմությունը:

– Հորս գերդաստանը Մշից է գաղթել մեր գյուղ՝ ջարդի օրերին: Մեծ պապս մեծ կարողության տեր էր ու թուրքերը նրան սպանել են հենց իր տան մեջ՝Մուշում: Բայց մի անհասկանալի սովորություն են ունեցել մեր նախնիները ու մեծ պապս էլ այդ սովորույթի համաձայն իր հարստությունն իպահ է տվել քրոջը, որը կորել է փախեփախի ճամփեքին: Պապս , որ աժդահա մարդ էր,  անցնում է գետի այս ափն ու հաստատվում ափամերձ գյուղերից մեկում: Հետո մի ջրաղաց է հիմնում ու համագյուղացիներին ալյուրով ապահովում: Ես էլ եմ տեսել պապիս ջրաղացը, ուր հաճախ էին հավաքվում ծերերով ու ամենմեկը մի հեքիաթասաց էր դառնում: Այդ պատմություններն ինձ հեքիաթ էին հիշեցնում, հետո մշո բարբառով երգեր էին երգում ու շուրջպար բռնում: Ափսոս, որ գրի չեմ առել նրանց հեքիաթ պատմություններն ու անկրկնելի երգերը: Փոքր էի, մի ութ-տաս տարեկան….

Պապս հսկա  էր , հաղթանդամ: Մի անգամ էր կյանքում ապտակել հորս ու պապիս ապտակից հայրս անգիտակից գետնին էր փռվել:

Մորս ծնողներն էլ էին Մուշից: Բայց մինչև մեր գյուղում հաստատվելը փախչում են Թավրիզ, ապա գալիս գետի այս ափը ու հիմնվում գետափնյա գյուղում:

Գետը տունդարձի ճամփաբաժանն էր, և գաղթականները նախընտրում էին բնակռվել գետին մոտ ու երբ աշխարհը խաղաղվեր, նորից վերադառնալ տուն: Բայց հողագործից լավ ոչ ոք հողի գինը չգիտի: Ձեռքները ծալած չնստեցին, գյուղը դարձին այգեշատ ու այդ պես էլ կոչեցին՝ ,,Այգեշատ,,:

– Մեր գերդաստանից երկուսը 20-ականների վերջին թողեցին գյուղն ու գնացին Պարսկաստան: Նրանց կրտսերի անունով էլ ինձ կոչեցին Աշոտ: Ղահրամանյանների այս ճյուղի հետ միայն կապ կարողացանք հաստատել մի քանի տարի առաջ:Անցյալ դարի 60-ական թվականներն էին , երբ գյուղի փոստատարը մի ստացական բերեց ու տալով հորս ասաց,- Ձեր հարազատներն են Ամերիկայից դոլլար  ուղարկել: Միայն հիշում եմ ստացականի վրայի մի քանի զերոները: Հայրս ստացականը մի կողմ հրեց ու պատասխանեց , որ մենք Ամերիկայում հարազատներ չունենք: Բայց հո լսել էր, որ մեծ պապիս քույրը, որին պապս պահ էր տվել իր ոսկիները, ըտանիքով հասել էր Ամերիկա:

Զրուցակցիս հանդարտ ու խորաթափանց աչքերն արցունքոտվում են:

– Մեր տոհմի այդ ճյուղին այդպես էլ կորցրինք, մինչ օրս լուր չունենք:

Հասկանում եմ զրուցակցիս աչքերի խոնավանալու պատճառը՝ մարդկային օվկիանում կորցրած հարազատին գտնելու անկարողությունը:

Ամանորի նախաշեմ է: Սովորույթներ են փոխվում: Հայերն այսօր կարտոֆիլի , կարագի ու բդի արանքում են մնացել: Իսկ ես իմ մշեցի մեծերին եմ տեսել ու գիտեմ , թո ոնց էին նախապատրաստվում նոր տարվան ու կարոտախտի նման նույն սովորույթների նկարագրությունն ուզում եմ լսել Աշոտ Ղահրամանյանի շուրթերից: Հետո նրա զուսպ հուզմունքն ուզում եմ փոխել ուրախ ու անմոռանալի հուշերով: Միանգամից վրա եմ բերում հարցս տանտիրուհիների՝ հայ գերդաստանի հենասյան մայրերի ու տատերի մասին հուշերով:

Զրուցակցիս խոսքը նորից հանդարտվում է, դանդաղում ու վերհուշի գիրկն ընկնում:

– Ամանորին գերդաստանով էինք նախապատրաստվում: Ու այդ սովորույթը մինչ օրս էլ մնացել է անխախտ: Սկզբից տատիկներս, ապա մայրս ու այսօր էլ կինս են նոր տարվա սեղանը զարդարում հալվայով, աղանձով, փոխինդով ու պասուց տոլմայով, որը պատրաստվում էր կանեփի հատիկներով , սալորաչրով ու  լոբազգիների խառնուրդով: Բայց գաթա՜ն, այ տատերս գիտեին գաթա թխել: Հիմա գաթա չեն սարքում, էն ուրիշ, անմահական համ ուներ:

Հա, ես էլ եմ հիշում կախկալով թոնրի մեջ թխած, անուշաբույր  միջուկով  յուղալի գաթան: Մանկությանս կաղանդ պապի նվերն անպայման գաթայի մեջ էլ էր դրվում, և  ում  ընկներ, նրա ղսմաթն էր, հաջողության գրավականը:

– Առաջ, որ գյուղում լավաշ էին թխում, հոտը ողջ աշխարհն էր բռնում: Էն հոտը չկա: Տաք լավաշով ու թարմ պանրով, թոնրի շրթին կերած բրդուճից համով բան չկա:

Ես էլ իմ մանկության հիշողությունները վերապրելով՝ մատներս այրող բոքոնով ճմուռն եմ հիշում ու միասին մեղմ ժպտում ենք մեր հուշ հուշերի պատմություններով:

Մեր զրույցն ընթանում է առանց մազրպետական խաղիկների… պարզ ու մարդավարի: Սեղանի վրա , հենց դիմացս մի հաստափոր գիրք է դրված, լրիվ նորաթուխ, անթերթել էջերով: Աչքս գցում եմ գրքին ու Աշոտ Ղահրամանյանի հայացքից չի վրիպում իմ հարցախույզ նայվածքը:

– Երեկ մի անհրաժեշտ գրքի շնորհանդեսն էր, Ռաֆայել Սահակյանի գիրքն է՝ արմավիրցիների ինքնատիպ հանրագիտարանը:  Այնտեղ զետեղված են անգամ տասնամյա արմավիրցու ոտանավորները: Այս գիրքը պիտի դառնա մեզնից յուրաքանչյուրի սեղանի գիրքը: Սա արմավիրցիների պատմությունն է:

Սա էլ կարողանալու կարողություններից մեկն է:

– Արմավիրցիներից շատերն են մշեցիներ: Ինձ էլ, որ հարցնում են, թե որտեղից եմ , պատասխանում եմ՝ մշեցի:

Ձայնի մեջ խեխդվող անկարողության երանգ է հնչում:

-Չէ, Մուշում չեմ  եղել:

Խորաթափանց հայացքը պղտորվում է ու գետի ջրերի պես  աղմկում:

–  96-ին էր, երբ Շիրակի մարզի միլպետն էի, Արա Սահակյանը պետական այցով , ավտոճանապարհով պիտի մեկներ Անկարա: Վերջին պահին որոշեցի միանալ ավտոշարասյանը ու գնացի մինչև Կարս: Տեսա Չարենցի նկարագրած Կարսի բաղնիքները, բանաստեղծի ապրած տունն ու մզկիթի վերածված եկեղեցին:

Ձայնի ելևէջները թվացյալ չեն փոխվում, միայն փշալարի մետաղյա  զնգոցն է խանգարում խոսքին:

-Մուշում չեմ եղել… Այսօր  էլ ծննդավայրիցս  կառչած ենք ու իմ ողջ գերդաստանը հպարտանում է , որ այգեշատցի ենք:

Երբ զրուցակիցս  հիշատակում է իր  մասնագիտությունը, ուղղակի, հարցնում եմ, թե ինչպես ընտրեց այն:

– Մասնագիտական ընտրությունս նախապատմություն ունի: 60-ականներին էր , հայրս գյուղում բրիգադիր էր աշխատում: Այդ տարիներին մեր շրջանի շրջկոմի քարտուղարը Ալեքսեյ Մատվեիչն էր՝ Կիրակոսյանը: Մի օր հորս կանչում է իր մոտ և ասում, որ աշխատանքի հերոսի կոչման է ուզում ներկայացնել: Բամբակի հավաքի պլանն էլ , որ գերակատարի, ապա կդառնա աշատանքային հերոս: Կարճ ժամանակ անց Կիրակոսյանին տեղափոխում են այլ աշխատանքի: Հաջորդ քարտուղարը փորձում է  սևացնել նախորդի գործերն ու հայրս էլ է տուժում դրանից: Սա դարձավ նախապատմություն իմ մասնագիտական ընտրության հարցում: Դպրոցն ավարտելուց հետո առանց որևէ միջամտության ընդունվեցի Երևանի պետհամալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

Անմիջապես մտաբերում եմ ծեր զարմուհուս խոսքերը, թե կարող տղա է, ես նրան մանկուց եմ ճանաչում:

Իսկ Ղահրամանյանը շարունակում է ամանորյա հուշապատումով  իր պատմությունը:

– Նոր տարվա գիշերն ընտանիքով ենք տոնում: Ու որդիներիս հետ անպայման այցելում ենք մեր գյուղի գերեզմանատուն՝  հարգելու բոլոր  անցավորաց  սուրբ հիշատակն ու կիսատ մնացած` նրանց իղձերի իրականացման խոստումն ամրապնդելու: Սա պարտադիր ավանդույթ է: Իսկ ընտանիքում ավանդույթների պահպանման համար երախտապարտ եմ կնոջս: Անգամ թոռնիկիս դպրոց տանելու ճանապարհը կինս է հուշել: Ամեն առավոտ վերցնում եմ թոռանս, տանում դպրոց ու գալիս աշխատանքի: Այսօր շատերն են ինձ ճանաչում զավակներիս միջոցով: Սա արդեն մեծ կարողություն է:

Հասել եմ նպատակիս: Ամփոփում եմ զրույցը: Բացահայտել եմ մարդու կարողանալու կարողության գաղտնիքը:

Մի պարմանուհի, ով առաջին գրական փորձերն է անում, ուղեկցում էր ինձ ու առաջին հանձնարարությունս էր՝ շահագործել ձայնագրիչը:

Հրաժեշտի պահին պարոն Ղահրամանյանն առանց ցուցադրության վրա բերեց,-Ամանորյա նվերն աշխատակիցս օրիորդին կհանձնի: Ես մտքումս ժպտացի,- Ձեր ամանորյա նվերը գաթայի միջուկի մեջ պահ տված անակնկալի պես է: Դուք կյանքի օրինակելի դաս տվեցիք այս աղջնակին, որն էլ մի օր, հեքիաթի նման կպատմի իր աշակերտներին կամ զավակներին  լրագրողական առաջին հանդիպման մասին:

ՀԳ

Դրսում բազմաթիվ հայերի եմ հանդիպել: Նրանցից մի մասն էլ բավականին հարուստ է: Բայց չի էլ նկատում , որ օտարի այգին է շենացնում: Իսկ մեր երկիրը թողել է միայն  մեր ուսերին: Մեկ էլ մեր երկիրն է միաբերան քննադատում: Հա՜,  գիտենք ,  որ թերություններ ունենք: Բայց միայն չարված գործն է անթերի:

– Ինչու՞ է աղմկում գետը՝  Դեպի Արարատ: Որ տուն գաք,  տեր կանգնեք ձեր ծառին,  արմատին:

Կարևորը հարստությունը չէ, կարողանալու կարողությունն է:

Իսկ գետն աղմկում է՝ Դեպի Արարատ:

Հեղինակ` Հասմիկ Հարությունյան

Check Also

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ …