Home | Դեպի Արարարտ | Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Ես արդեն ասել եմ ու պիտի նորից ասեմ՝ աշխարհում չկա որևէ ազգ կամ ժողովուրդ, որի ներկայացուցիչը անհատական ասպարեզում կարողանա գերազանցել Հայ մարդուն։ Գիտություն լինի, թե արվեստ, բիզնես լինի, թե՞ արհեստ, հայ մարդը տաղանդավոր է, ճկուն, արագ միտք ունի, ու անկիրակի, չտեսնված աշխատասեր է։ Սակայն, որպես պետություն, ազգ, ժողովուրդ, կոլեկտիվ, սպորտային կամ այլ հավաքականություն՝ զիջում ենք, երբեմն էլ խայտառակ ցուցանիշներով։
Ո՞րն է պատճառը։ Ինչու՞ օտար պետության մայթին ծխախոտի մնացուկ չենք նետում, մեր մայրաքաղաքում դա անում ենք ամենուր։ Աղբյուրների շուրջ նստում, կենացներ ենք ասում, խոսում Ավստրիական Ալպերի, Շվեյցարական քաղաքների, ու Գերմանական զուգարանների մաքրությունից, վերջում կերակուրի մնացորդներն ու պլաստմասե շշերը թողնում, գնում ենք տուն։
Ի՞նչ է կատարվում մեզ հետ, որ դառնում ենք հնդկական Մումբայի արվարձան։
Սիրելի պետություն ու հայ պաշտոնյա․
Ամեն ինչ սկսվում է Ձեզանից։ Դուք եք, որ պիտի ստանդարտներ տաք, առաջին հերթին՝ սեփական մարդուն սիրելու, սեփական մշակույթը հարգելու, սեփական բնությունը պաշտելու ստանդարտներ։
Բայց Դուք Ձեզ պահում եք տրամագծորեն հակառակ։ Մինչդեռ մի բուռ ժողովուրդ ենք։ Մեր երկրի բնակչությամբ՝ Չինաստանում գյուղաքաղաքներ կան։ Ես վստահ եմ, մի փոքր ջանք գործադրելու դեպքում մեր Երկիրը կծաղկեր։ Բայց ի՞նչ է պետք անել, կհարցնեք դուք։
Միավորող նախագիծներ են պետք։ Ես չեմ հիշում, թե ո՞վ է եղել այն վերջին Հայոց թագավորը, ով նոր քաղաք է կառուցել։ Ես արդեն հոգնել եմ Տիգրան Մեծով հպարտանալուց։ Ուզում եմ հպարտանալ իմ ժամանակակից Հայով։ Ուզում եմ նոր քաղաք ու ճանապարհներ տեսնել։ թունելներ ու կամուրջներ։ Բնական ու արհեստական ջրվեժներ ու դրանց տակ փռված այգիներ։ Այսպես են ազգ ձևավորում։ Անցյալ դարի իննսունականներին էր, երբ բանտից ազատված Նելսոն Մանդելային հաջողվեց ապարտեիդի ռեժիմի խարհրդանիշ հանդիսացող՝ Ռեգբիի ազգային հավաքականի հաղթանակների ու նրա ավագ Ֆրանսուա Պիենաառի շուջ նոր ազգ ու պետություն ձևավորել։ Մենք էլ կարող ենք։ Ուղղակի՝ պաշտոնյայի կողմից՝ Երկիրը սիրելու դեպքում է սա հնարավոր։ Իսկ եթե դու եկել ես իշխանության՝ տուն պահելու, գողանալու, Եվրոպայում անշարժ գույք ու կեցության իրավունք ձեռք բերելու համար, ապա քեզ հետ անհնար է, սիրելի ժամանակավոր չինովնիկ, որովհետև դու պատիժ ես սեփական ժողովրդի գլխին։

Դավիթ Վանյան

Check Also

Մոսկվայում քննարկվել է ռուս-հայկական հարաբերությունների թեման

Մոսկվայում անցկացվել է «Ռուս-հայկական համագործակցության արդյունքները, հեռանկարներն ու հիմնական մարտահրավերները» թեմայով գիտաժողով, որի ընթացքում քննարկվել …