Home | Հայաստան | Թուրքիա-Ադրբեջան, երբ «փոքր եղբայրը» գրեթե ավելորդ բեռ է դառնում

Թուրքիա-Ադրբեջան, երբ «փոքր եղբայրը» գրեթե ավելորդ բեռ է դառնում

Ջան Մուշլուն վերլուծության է ենթարկում Թուրքիայի և Ադրբեջանի փոխհարաբերության նոր եզրույթները, դուրս գալով «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսի կաղապարներից և որոշակիորեն հստակեցնում է տնտեսական ինտեգրման հետեւանքները, որոնք առնչվում են տրանսպորտային ենթակառուցվածքներին, էներգետիկ քաղաքականություններին, առեւտրին և մարդկանց ու գաղափարների տեղաշարժին:

2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Սթար» օրաթերթի («Ազգային ինքնիշխանության ձայնը») առաջին էջում, «Արեւելքից դեպի Արեւելք քաղաքակրթական կամուրջ» խորագրի ներքո զետեղված էին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռ․ Թայիփ Էրդողանի ու Հ. Ալիեւի երեք տարբեր լուսանկարներ՝ Բաքվում «Մետաքսե ճանապարհ» անվամբ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի հանդիսավոր բացման կապակցությամբ։ Թեեւ Վրաստանի, Ուզբեկստանի ու Ղազախստանի առաջնորդները եւս այնտեղ էին, բայց նրանք հազիվ թե տեսանելի լինեին` պարզապես կամակատարներ էին: Եթե այս շքեղ բացման արարողությունը Թուրքիայի նախագահի համար լավ պատրվակ էր վերակտիվացնելու վերջին տարիներին իր շատ սիրած քաղաքակրթական հռետորաբանությունը (իմանալով, որ իր համար ծագող քաղաքակրթությունն այլեւս գտնվում է Արեւելքում և որ ինքը ի զորու է դասեր տալու Արեւմուտքին), այն մեկ անգամ եւս ցույց տվեց թուրք-ադրբեջանական դաշինքի ուժը։ Ըստ էության՝ 2010֊ականների սկզբից Հարավային Կովկասի փոքր եղբոր (ում մինչ այդ  վերաբերվում էին փոքր-ինչ քամահրանքով՝ երբեմն նույնիսկ անվստահության դրսեւորումներով) և Անատոլիայի մեծ եղբոր միջեւ հարաբերությունները լրջորեն ձեւափոխվել են առաջինի օգտին: Ադրբեջանական պետական նավթային ընկերության կողմից թուրքական «Սթար» մեդիա խմբի (որի մաս է կազմում վերոհիշյալ օրաթերթը) ձեռքբերման տարին՝ 2013 թվականը, կարելի է համարել շրջադարձային, որից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացումը արագորեն ակնբախ դարձավ: Ընդ որում, այդ տարին Էրդողանն ու Ալիեւը թուրքական  կառավարամետ (AKP/ԱԶԿ) Ekovitrin տնտեսական ամսագրի կողմից ընտրվեցին «վերջին տասը տարիների պետական գործիչներ»: 2000-ականների վերջերին նախաձեռնված Թուրքիայի և Հայաստանի միջեւ մերձեցման քաղաքականության ձախողման պատճառները գուցե պետք է այս կտրուկ շրջադարձի մեջ փնտրել։ Ըստ էության, չնայած Թուրքիայի օգտին ժողովրդագրական (80 միլիոն/10 միլիոն) և տարածքային հարաբերակցությանը, Թուրքիայում Ադրբեջանի աճող և բազմաձեւ ազդեցությունը դարձել է մի երեւույթ, որն ավելի մեծ ուշադրության պետք է արժանանա: Այստեղ կարելի է դիտարկել երեք հարթություններ, որոնք չեն սպառում հարցը` էներգետիկ կախվածությունը, ադրբեջանական ուղղակի ներդրումների արագացումը և ադրբեջանական «փափուկ ուժի» փայլուն կիրառումը Թուրքիայում: Եւ այս ամենը՝ շատ կարճ ժամանակահատվածում (10 տարուց պակաս):
Էներգետիկ հարթությունը
Այն ներկայանում է երկու թղթածրարով․ էներգակիրների ներմուծման/արտահանման ավելացում և ենթակառուցվածքների համընդհանուր զարգացում` թուրքական «էներգետիկ միջանցքի» ամրապնդման նպատակով: Երկու երկրների միջեւ էներգակիրների առեւտրի կտրուկ աճը կապված է Թուրքիայի էներգետիկ կախվածության հետ, որը ստիպում է երկրին դիվերսիֆիկացնել և ապահովել իր պաշարները, քանի դեռ ապահովված չէ էներգետիկ անկախությունը՝ թուրքական քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Թուրքիայի էլեկտրաէներգիայի արտադրությունը և քաղաքային ջեռուցումը մեծապես կախված են ներմուծվող նավթից ու գազից՝ հատկապես հարավկովկասյան հարեւանից: Թեեւ 2017 թվականին Ադրբեջանը դեռեւս ապահովում է Թուրքիայի ներկրած գազի միայն 10 տոկոսը, բայց վերջին տարիներին այդ համամասնությունը կտրուկ աճ արձանագրեց և ակնկալվում է, որ այն արագորեն կշարունակի աճել, իսկ ամենակարեւորն այն է, որ էլ ավելի է մեծանում Թուրքիայի կախվածությունը այս մատակարարից: Կասպից ծովից դեպի Թուրքիա և դեպի եվրոպական շուկաներ էներգակիրների տեղափոխման ենթակառուցվածքների կողքին մենք վերջին տարիներին ականատես ենք լինում նախագծերի շատացմանը և դրանց իրականացման արագացմանը: Ժամանակագրությունը հայտնի է: Միջազգային մամուլը, իրոք, շատ հոդվածներ է նվիրել այս խնդրին, հաշվի առնելով, որ մեծ թվով բազմազգ կորպորացիաներ են ներգրավված՝ հսկայական ֆինանսատնտեսական և գեոստրատեգիկ հանձնառությամբ, այդ թվում Եվրոպական զարգացման բանկի կողմից TANAP-ի ֆինանսավորումը: 2006թ մայիսին տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) նավթամուղի բացումը (Ջեյհանը գտնվում է Միջերկրական ծովի թուրքական ափին)։ 2011-ի վերջին մեկնարկեց TANAP (Կասպից ծովը Հունաստանին կապող Անդրանատոլիական գազատար, որի 60 տոկոսը SOCAR-ի սեփականությունն է) նախագիծը, որի ավարտը նախատեսված է 2019թ: Դրանց պետք է հավելել BTE գազատարի (Բաքու-Թբիլիսի-Էրզրում կամ «Շահ Դենիզ Խողովակաշար») նախագիծը, որի մեջ ներգրավված են SOCAR-ը, BP-ն, LUKOIL-ը և TPAO-ն՝ թուրքական պետական ընկերությունը… Երբ այս վերջին երկու ենթակառուցվածքները շահագործման հանձնվեն, ադրբեջանական էներգակիրների արտահանման ծավալները անկասկած աճելու են։
Տնտեսական ինտեգրացիան
Այս ասպարեզում առավել տպավորիչ են վերջին տարիներին տեղի ունեցող փոփոխությունները, որոնք արդեն թույլ են տալիս խոսել Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսությունների միջեւ փոխկախվածության աճի մասին: Ինչո՞ւմ է կայանում այս փոխկախվածությունը: Այն նկատելի է հատկապես երբ հաշվի առնենք երկու հարեւանների միջեւ ապրանքաշրջանառությունը: 2016 թվականին Թուրքիան՝ Ռուսաստանից հետո, ներմուծման ծավալների առումով Ադրբեջանի երկրորդ խոշոր գործընկերը դարձավ: Եթե արտահանման առումով Թուրքիան Ադրբեջանի միայն վեցերորդ գործընկերն է, և եթե Ադրբեջանը դեռ շարունակում է մնալ Թուրքիայի համեստ առեւտրային գործընկերը (հաշվի առնելով իր շուկայի փոքր չափը), ապա, այնուամենայնիվ, թուրքական արտահանումները դեպի իր հյուսիսարեւելյան հարեւանին վերջին ժամանակներում կտրուկ աճեցին (2003-2013թթ գումարային առումով դրանք ավելացել են ութ անգամ): Հավանորեն 2006թ կազմակերպված թուրք-ադրբեջանական գործարար համաժողովն սկիզբ դրեց այս մերձեցմանը, ինչն ամրապնդվեց 2010֊ին «Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդի» ստեղծմամբ, որը մշտական գործող կառույց է: 2015֊ին Իգդիրում նոր սահմանային անցակետի բացումից հետո՝ նպատակ է դրվել երկու երկրների միջեւ առեւտրի շրջանառության ծավալը հասցնել մինչեւ 20 մլրդ ԱՄՆ դոլարի:
Բացի այդ, եթե հաշվի առնենք երկու երկրների միջեւ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը, ապա 2000-ականների վերջը բնութագրվում է այդ ներդրումների կտրուկ աճով՝ այն աստիճանի, որ 2008 թվականին Ադրբեջանը դարձավ խոշորագույն օտարերկրյա ներդրողը Թուրքիայում, իսկ Ադրբեջանը այն երկիրն է, որտեղ թուրքական օտարերկրյա ներդրումները ամենաբարձրն են: Գեղեցի՜կ փոխադարձություն: 2008 թվականի անսպասելի այս հաջողությունը կապված է թուրքական էներգետիկ ոլորտում SOCAR պետական ընկերության և Turcas Petrokimya A.Ş-ի ներդրումների հետ՝ մասնավորապես Ալիաղա/Իզմիրում PETKİM նավթամշակման գործարանի աստիճանական ձեռքբերմամբ: Հետագայում նոր ներդրումներ հայտարարվեցին, այդ թվում նավթամշակման մի նոր գործարանի կառուցումը` «Սթար» իմաստալից անվանմամբ, նույնպես Ալիաղայում: 2013թ մայիսին հայտարարված այս շինարարական նախագիծը, որի մեջ ներգրավված են նաեւ իսպանական եւ ճապոնական ընկերություններ, իրենից ներկայացնում է շուրջ 17 միլիարդ ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրում՝ մինչեւ 2018 թվականը: Մյուս կողմից, թուրքական ընկերությունների թիվն Ադրբեջանում հատել է 2500-ի սահմանը, մասնավորապես շինարարության-ենթակառուցվածքների շինարարության ոլորտում, որը, ըստ պաշտոնական վիճակագրության, Ադրբեջանի անկախացումից ի վեր իրականացրել է 11 մլրդ ԱՄՆ դոլարի ընդհանուր արժողությամբ 363 նախագիծ:
Զբոսաշրջության ասպարեզում հարաբերությունների ընդլայնումը նույնպես ակնառու է: 2015-ին ավելի քան 600 հազար Ադրբեջանի քաղաքացի է մեկնել Թուրքիա: Նույնիսկ եթե դա ավելի քիչ է, քան Թուրքիա այցելած վրացիների թիվը (ավելի քան 2 միլիոն), դա դա զգալի աճ է, իմանալով, որ հիմնական աճը տեղի է ունեցել նախորդ տարիների ընթացքում, երբ Թուրքիա այցելող ադրբեջանցիների թիվը 1999-ից 2010 թվականը՝ տարեկան 122 հազարից հասել է 486 հազարի: Այս զբոսաշրջիկների մեծ մասը առեւտրականներ են, հիմնականում կանայք, որոնք հաճախակի ճամփորդում են Թուրքիայից ապրանք ներկրելու նպատակով (հիմնականում տեքստիլ արտադրանք): Միեւնույն ժամանակ, Թուրքիայի քաղաքացիները Ադրբեջան այցելող օտարերկրյա «զբոսաշրջիկների» առաջատարներից են՝ 2013-ին նրանք երրորդ տեղն էին զբաղեցնում:
Եթե հաշվի առնեինք նաեւ (ինչը չկարողացանք անել այստեղ) ադրբեջանական ծագումով Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք նույնպես Ռուսաստանի միջոցով (և հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման ներկա համատեքստում) Թուրքիայի և Ադրբեջանի միջեւ տնտեսական մերձեցման կարեւոր դերակատարներ են, ապա պատկերն ավելի հստակ կլիներ:
Ադրբեջանական փափուկ ո՞ւժ
2013 թվականից ի վեր Ադրբեջանը Թուրքիայում իսկական «փափուկ ուժ» է ձեւավորում (ինչպես նաեւ եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Իտալիայում), ինչը նկատելի է տարբեր ասպարեզներում: Պետությունը և խոշոր պետական ու մասնավոր ադրբեջանական ընկերությունները Թուրքիայում իրոք հովանավորում են լրատվական, «մշակութային», հրատարակչական, համալսարանական բնույթի բազմաթիվ միջոցառումներ: Եթե հաշվի առնենք երկրում գրանցված արտասահմանցի ուսանողների համակազմը, կտեսնենք, որ վերջին տարիներին առաջին տեղը զբաղեցնում են ադրբեջանցի ուսանողները:
2013֊ին SOCAR-ի կողմից «Սթար» մեդիա խմբի  (մեկ օրաթերթ և երկու ազգային հեռուստաալիք) ձեռքբերումից զատ, բազմաթիվ կոնֆերանսներ, բանավեճեր, վավերագրական ֆիլմեր և ցուցահանդեսներ Ադրբեջանի աջակցությունն են ստանում և որոշակի զգայուն հարցերում մասնակցում են փոքրիկ հարեւանի համար բարենպաստ հասարակական կարծիք ձեւավորելուն: Թուրքական պետական արխիվների եւ ադրբեջանական արխիվների միջեւ համագործակցությունը, ըստ 2012 թվականի մայիսին ստորագրված և 2013թ նոյեմբերին ընդլայնված արձանագրության, նույնպես ընթանում է այդ ուղղությամբ: Հետեւաբար՝ տեղի է ունենում պատմության համատեղ (վերա)շարադրում․․․ Վերջին շրջանում էկրաններին հայտնվել են թուրք-ադրբեջանական ֆիլմերի համատեղ արտադրանքներ, ինչպիսին է 2017-ի աշնանը էկրան բարձրացած «Աշքա Գելդիկ» կատակերգությունը:
Այսպիսով, Բաքվում Յունուս Էմրե ինստիտուտի բացման հետեւում, Ադրբեջանում գյուլենական համայնքի հետ կապված թուրքական դպրոցների փակման և ուրիշ անվանման ներքո (Maarif Vakfı) դրանց վերաբացման հետեւում, Կովկասի համալսարանի լուծարման հետեւում՝ փոքրիկ հարեւանի մշակութային գործունեությունը հեռու է աննշան լինելուց և շատ նպատակային է (մասնավորապես երիտասարդ դպրոցականներն են թիրախավորված):
Մի խոսքով, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բազմակողմանի փոխկախվածության  ուժեղացման այս փաստը երկրորդական հարց չէ, հղի է անկանխատեսելի հետեւանքներով և արժանի է ավելի մեծ ուշադրության: Դա անելու համար անհրաժեշտ է դուրս գալ «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսում ամփոփված կաղապարներից և ավելի հստակ պատկերացնել տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկ քաղաքականությունների, առեւտրի և մարդկանց ու գաղափարների տեղաշարժի միջոցով ինտեգրման հետեւանքները:

Check Also

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ …