Home | Հայաստան | Եթե նայեք ավագանու կազմը, ապա կտեսնեք, որ իրենք ոչ թե հարց լուծողներ են, այլ ողորմություն աղերսողներ․ Սուրեն Զոլյան.

Եթե նայեք ավագանու կազմը, ապա կտեսնեք, որ իրենք ոչ թե հարց լուծողներ են, այլ ողորմություն աղերսողներ․ Սուրեն Զոլյան.

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում, իսկ այնուհետեւ օրեր առաջ Երեւանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության «տպավորիչ» հաղթանակը ավագ սերնդի մեջ սովետական հին ու «բարի» ժամանակների հուշեր է արթնացնում, իսկ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների մեջ՝ այդ ավանդույթներից շուտափույթ ազատագրվելու ցանկություն։ Հանրապետականն այնքան անզիջում գտնվեց, որ փորձեց իր ստացած բարձր տոկոսներով փակել ելք փնտրող քաղաքացիների ճանապարհը։  Ինչու՞ ՀՀԿ-ն նախընտրեց Երեւանի ավագանու ընտրություններում հաղթել պատկառելի՝ 71 տոկոսով, այն դեպքում, երբ տարիներ շարունակ Երեւանը ղեկավարած Տարոն Մարգարյանի աշխատանքը հազիվ թե ոգեշնչեր երեւանցիների մեծ մասին։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ։ – Այդ ամենն ամրագրված է Հայաստանի օրենքներում։ Մոտավորապես գործում է այսպիսի մեխանիզմ․ այսինքն՝ ընդդիմությունը պետք է ներկայացված լինի 1/3-ով, եւ եթե նա քիչ տոկոսներ է ստանում, ապա բոնուսների ձեւով լրացուցիչ տեղեր է ստանում։ Իսկ իշխող ուժը եթե այդքան տոկոսներ չի ստանում, ապա իրեն տալիս են բոնուսներ։ Լիովին կանխատեսելի էր այն ամենն, ինչ եղավ։ Մոտավորապես նույն պատկերն է, ինչ ստացվեց ԱԺ ընտրությունների արդյունքում։ 18-րդ դարում, Ռուսաստանում, մեծահարուստները, կոմս Շերեմետեւը ունեին թատրոն, եւ այնտեղ ճորտերը դերասաններ էին։ Մոտավորապես ես այսպիսի պատկերացում եմ ստացել այսօրվա Երեւանի ավագանու ընտրություններից։ Մի սեփականատեր, որն ունի ճորտերից կազմված խումբ, իր համար կազմակերպում է թատրոն։ Օրինակ, կոմս Շերեմետեւի մոտ խաղում էին բավականին տաղանդավոր դերասաններ։ Բայց, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի, որտեղ դերասաններն ազատ մարդիկ էին, այդ թատրոնը կազմված էր ճորտերից։ Եվ ճորտատիրական երկրում նույնիսկ դերասանները պետք է ճորտ լինեին։ Այս առումով կուսակցություններից յուրաքանչյուրը կատարում է իր դերակատարությունը։ «Ելք» դաշինքն ուներ իր այն դերակատարությունը, որ ՀՀԿ-ն շատ չուժեղանար։ Դրանով եմ ես բացատրում այն հնարավորությունը, որ ստեղծվել էր «Ելք» դաշինքի համար։ Դրանով պետք է ցույց տային, որ նրան էլ կա փոխարինող, որպեսզի, այսպես կոչված, չլկստվեն։ Եվ այդ ուժերը կատարեցին այն, ինչ պատվիրակված էր իրենց կատարել։ – «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր նկատմամբ կիրառեցին բռնություններ։ Այս օրերին քաղաքական-հասարակական շրջանակներում հնչում են հորդորներ, որ «Երկիր ծիրանի»-ն պետք է հրաժարվի իր մանդատներից։ Ինչ-որ ազդեցություն կկարողանա՞ գործել, եթե «Երկիր ծիրանի»-ն դիմի նման քայլի։ – Սա արդեն ուրիշ խնդիր է, որովհետեւ այդտեղ ոստիկանությունն իր դերն ուներ։ Այս առումով կային իշխանություն-ոստիկանություն ներքին հակասություններ, եւ սա ուրիշ սցենարի շրջանակներում է։ Իհարկե, ոստիկանությունը ցույց տվեց, որ ինքը ցանկացած պահի ցանկացած վիճակում ի վիճակի է բռնի ուժ կիրառել, անգամ երեխաների հանդեպ։ Այսինքն՝ քաղաքական դերակատարներին կամ դերասաններին հասկացրեց, որ գոյություն ունի ռեալ իշխանություն, եւ այդ իշխանությունը ոստիկանությունն է։ Նա փորձեց ցինիկ ձեւով ցույց տալ, որ ինքը որեւէ բռնության առջեւ չի կանգնելու, անգամ երեխաների եւ պատանիների դեպքում։ – Ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերից ոմանք նշում են, որ Երեւանի ավագանու ընտրությունները չքաղաքականացվեցին։ Մինչդեռ՝ թե՛ տրանսպորտային, թե՛ բնապահպանական, թե՛ կրթական ոլորտների խնդիրները քաղաքական խնդիրներ են։ – Ճորտատիրական համակարգում, իհարկե, կային խնդիրներ, բայց ի՞նչ է նշանակում դրանք քաղաքականացնել։ Ճորտը չի կարող լինել քաղաքականության սուբյեկտ, միայն ճորտատերը կարող է լինել քաղաքականության սուբյեկտ։ Այդ բոլոր խնդիրները կարող են լուծել ճորտատերերը եւ ոչ թե ճորտերը։ Իսկ այսօր ճորտ են ոչ միայն ընտրողը, այլեւ՝ ԱԺ պատգամավորները եւ ավագանու անդամները։ Դա հիանալի ձեւով ցույց է տալիս նաեւ ՀՀԿ-ի ավագանու կազմը։ Այն կազմված է հիմնականում այն մարդկանցից, որոնք իրենց պրոֆեսիոնալ գործունեությամբ թեկուզ ժամանակին աչքի են ընկել, բայց այսօր թոշակառուի կարգավիճակով պետք է նայեն, թե ինչ ողորմություն են իրենց տալու իշխանությունները։ Եթե նայեք ավագանու կազմը, ապա կտեսնեք, որ իրենք ոչ թե հարց լուծողներ են, այլ ողորմություն աղերսողներ։ – Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում, «Ելք»-ն ու «Երկիր ծիրանի»-ն է՞լ չմասնակցեին Երեւանի ավագանու ընտրություններին։ – Նրանք ինչպե՞ս կարող էին չմասնակցել։ Նրանք պետք է կատարեին իրենց պատվիրատուների պահանջը։ ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ վերահսկվում է։ Նույն շտաբներն են, նույն մարդիկ են շտաբներում նստած, եւ ոստիկանությունն է իրենց անդորրը պահպանում, թաղային հեղինակություններն ունեն իրական հեղիանակություն, եւ հենց նրանք են հարցերը լուծում։ Ի՞նչ է փոխվել ԱԺ ընտրություններից հետո, ոչինչ։ – Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է, որ սկսվի ներկա ճահճային իրավիճակից դուրս գալու, ներքին կյանքում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված շարժում։ – Ոչ, այս պահին չեմ պատկերացնում, չեմ տեսնում դրա նախադրյալները։ – Մեր ժողովուրդը չի՞ կարող ինքնակազմակերպվել եւ սկսել նոր շարժում։ – Միգուցե՝ կարող է, բայց ես դրա նախադրյալները չեմ տեսնում։ Եթե Դուք դա ցույց տաք, ապա ես կարող եմ փոխել միտքս։

Թագուհի Հակոբյան

 Նյութի աղբյուրը ` hraparak.am

Check Also

Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37

Ըստ ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի՝ Հանրապետության 37 հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1905 թվականին, այսինքն, …