Home | Դեպի Արարարտ | «Դեպի Արարատ»

«Դեպի Արարատ»

«Դեպի Արարատը» ճանապարհ է, միավորող մի ուղի, որով մենք, որպես ժողովուրդ պիտի դառնանք մեր արմատներին ու արժեքներին, մշակենք աշխարհասփյուռ լինելության այն սկզբունքները, որոնց հիմքով կկազմակերպվենք այնպես, որ երկրագնդի ամեն անկյունում հայ մարդն իրեն հայ զգա, տեր դառնա սեփական ժողովրդի ճակատագրին, պատասխանատու նրա վաղվա օրվա հանդեպ։

«Դեպի Արարատի» կարևորագույն խնդիրը հայրենադարձության խրախուսումն ու ապահովումն է, Հայ ժողովրդի ներդաշնակ և ազատ զարգացումն է իր բնօրրանում, Հայկական բանակի հզորացմանը նպաստելն է, զինվորի կարգավիճակի բարձրացումը, հերոսների ավանդի պաշտպանությունն ու նրանց սրբազան գործի բարի նշանակության տարածումը։

Սփյուռքը կարող է և պարտավոր է մասնակցել Երկիրի պաշտպանությանը։ «Դեպի Արարատը» իր առջև խնդիր է դնում՝ Հայրենիքում այնպիսի մի զորամիավորում ունենալը, որտեղ՝ յուրաքանչյուր սփյուռքահայ, կամավոր սկզբունքներով, կարող էր գալ հայրենիք, և 2-ից 4 շաբաթ տևողությամբ, մասնակցել զորահավաքի, ռազմական ուսումնական գործընթացների, հերթապահության։ Այս դեպքում Հայաստանում բնակվող Հայը կգոտեպնդվեր, իրեն կզգար կազմակերպված ու հզոր երևույթի մասնիկ։

«Դեպի Արարատը» իր առջև խնդիր է դնում՝ արթնացնել Հային Հայի մեջ, միավորել երիտասարդությանը ազգային արժեքների շուրջ, զբաղվել նրանց քաղաքական ու մշակութային դաստիարակությամբ, գտնել նրանց մեջ տաղանդավորներին, զբաղվել նրանց ազգանվեր ապագայաբանությամբ՝ այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը զգա իր կարևորությունն ու անհրաժեշտությունը, պատկանելությունը հնամյա իր ժողովրդին, հպարտանա իր ով լինելով, աշխարհացավ, սակայն աշխարհակալ լինի, ամենուր գործի հանուն իր հայրենիքի, քանզի հայրենիքը մեզ, մեր նախնիների արյամբ պաշտպանված ու քրտինքով ստեղծված, մեզ շնորհված գանձ է, որին մենք պետք է վերաբերվենք ոչ թե որպես ժառանգության, այլ որպես մեր ապագա սերունդներից պարտքով վերցված սրբություն-սեփականության, ոչ թե որպես մեր ծնողի, այլ զավակի, որին անսահման սիրում ենք, և մեծահոգաբար ներելու ենք պատրաստ նրա քմահաճությունները, և մեզանից յուրաքանչյուրը անընդհատ ու հավերժ պատասխանատու է նրա բարօրության համար։

«Դեպի Արարատը» տասնամյակների ծրագիր է, որը կոչված է ոգեղեն զարթոնքի բերել այսօրվա սպյուռքն ու Հայաստանի շուրջ միավորել նրա տարբեր մասերը՝ իրենց իսկ կողմից մշակված և ընդունված միավորող այնպիսի քաղաքական նորմերի շուրջ, որտեղ կարևորը հայապահպանության սահմանները չխախտելն է, լեզուն է և մշակույթը։

Մեր դռները բաց են բոլորի համար, անկախ դավանանքից և անգամ ազգությունից, եթե Ձեր ջանքերը ուղղված են Հայ ժողովրդի խաղաղ, ստեղծարար բարօրությանը։ Սակայն մեր հիմնական ուժը այսօրվա Հայ երիտասարդի մեջ է։
Սիրելի երիտասարդ, դու ավելի խելացի եղիր, կերտիր մի պետություն, որտեղ տարածաշրջանի հակասությունները պիտի օգուտի վերածվեն և մոտակա տասնամյակներում դառնանք բանկային կապիտալի, առաջադեմ արդյունաբերության, տուրիզմի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու անապական բնության, բարձրորակ ուսման, մաքուր ջրի ու համեղ կերակուրների Երկիր, որտեղ արևելքն ու արևմուտքը կհանդիպեն իրար ու կգոյատևեն նուրբ ներդաշնակ։

«Դեպի Արարատը» համագործակցության կոչ է, մրցակից չէ հայկական որևէ կազմակերպության, եկել է՝ ազգային կտավին գույներ ավելացնելու, ջուրը հայկական ջրաղացին լցնելու։ Համաշխարհային զարգացումների այսօրվա փուլում հաղթելու են այն ժողովուրդները, որոնք կկարողանան միավորել իրենց աշխարհասփյուռ ուժերը։ Մենք այդպիսի հնարավորությու ունեցող ժողովուրդ ենք և մենք ենք մեր անկախության ու անվտանգության երաշխիքը։

Դեպի Արարատ
9․03․2016թ․

Check Also

Մոսկվայում քննարկվել է ռուս-հայկական հարաբերությունների թեման

Մոսկվայում անցկացվել է «Ռուս-հայկական համագործակցության արդյունքները, հեռանկարներն ու հիմնական մարտահրավերները» թեմայով գիտաժողով, որի ընթացքում քննարկվել …